Թմրամիջոցների ապօրինի շրջանառութիւնը մեծագոյն չարիք է

Թմրամիջոցներիապօրինիշրջանառութիւնըմեծագոյնչարիքէ

 

Համագործակցութեան փաստաթուղթ Հայաստանի եւ Իրանի դատախազութիւնների միջեւ

 

Երեկ ՀՀ գլխաւոր դատախազութիւնում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ Աղւան Յովսէփեանը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Ղոլամհոսէյն Մոհսենի Էժէին ստորագրեցին երկու երկրների միջեւ իրաւական համագործակցութեան մասին փաստաթուղթ, որին կը յաջորդի հետագայ համագործակցութեան կոնկրետ ծրագրերի մշակումը։ «Իրանի հետ մենք հարեւաններ ենք։ Ամէն տարի աւելանում են ապրանքաշրջանառութեան, զբօսաշրջութեան մասշտաբները, եւ, բնականաբար, իրաւական կարգաւորման հարցերը պիտի կարողանան ապահովել այս յարաբերութիւնները։ Իւրաքանչիւր տարի մենք Իրանի դատախազութեան հետ շուրջ քսան հարցում ենք ունենում։ Այսօրւայ դրութեամբ Իրանի տասը–տասներկու քաղաքացի մեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում տարբեր յանցագործութիւններ կատարելու համար։ Անցած տարի եւ այս տարւայ ընթացքում պատիժը կրելու համար ԻԻՀ–ին ենք յանձնել քսանհինգ դատապարտեալ։ Այս ամէնն առայսօր մենք արել ենք դիւանագիտական յարաբերութիւնների շնորհիւ։ Բոլոր նման հարցերով մենք առնչւել ենք ԻԻՀ դեսպանատան աշխատակիցների հետ։ Եւ այդ յարաբերությունները դրական արդիւնք են տւել, նպաստել են իրաւական լուծումներին։ Շնորհակալութիւն դեսպանատանը։ Այս պայմանագիրը ստորագրելուց յետոյ հնարաւորութիւն կունենանք իրաւական հարցերով անմիջապէս համագործակցել Իրանի դատախազութեան հետ։ Եւ, բնականաբար, բոլոր ծագած հարցերն աւելի օպերատիւ եւ արդիւնաւէտ կլուծւեն»,–ասաց Աղւան Յովսէփեանը։
«Այսօր Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները բարեկամական եւ մտերմիկ են։ Տարբեր ոլորտներում մեր երկրների յարաբերութիւնները զարգանում եւ ընդլայնւում են։ Փորձը ցոյց է տւել, որ երկրների քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւններն առանց դատաիրաւական համագործակցութեան ամբողջական չեն։ Ուստի Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դատական իշխանութիւնները եւս ցանկանում են ընդլայնել իրաւական ոլորտում հետագայ համագործակցութիւնը... եւ այսօրւայ փաստաթուղթը հիմք կհանդիսանայ, որպէսզի համագործակցութիւնն այդ ոլորտում աւելի զարգանայ եւ ընդլայնւի»,– պատասխան խօսքում ասաց Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին։
Փաստաթղթի ստորագրումից յետոյ երկու երկրների գլխաւոր դատախազները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Ստորագրւած համագործակցութեան փաստաթուղթը դրական ազդեցութիւն կունենա՞, արդեօք, թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ երկու երկրներում տարւող պայքարին, Իրանի գլխաւոր դատախազը դրական պատասխան տւեց։ Նշեց, որ այսօր թմրանիւթերի շրջանառութիւնը աշխարհի բոլոր երկրներում համարւում է մեծագոյն չարիք։ Ասաց նաեւ, որ Աֆղանստանում ՆԱՏՕ–ական ուժերի տեղակայումից յետոյ թմրանիւթերի տարածումը կտրուկ մեծացել է։ ԻԻՀ–ն ներկայումս իրօք բախւում է մեծ խնդրի հետ՝ կապւած թմրանիւթերի շրջանառութեան հետ։ Աֆղանստանից այդ թմրամիջոցների արտահանման համար օգտագործւում է Իրանի տարածքը։ Իրենք դրա դէմ պայքարելու համար մեծ ռեսուրսներ են ծախսում եւ շատ խիստ պատիժներ են կիրառում։ «Մենք մեր բոլոր հարեւաններին յայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի ոլորտում, եւ կարծում եմ՝ այս փաստաթուղթն էլ հիմք կհանդիսանայ, որ աւելի լուրջ պայքար մղւի յանցագործութեան այդ տեսակի դէմ։ Առաջին հերթին պէտք է բացայայտւեն այն խմբաւորումները, որ իրականացնում են թմրամիջոցների ապօրինի շրջանառութիւնը, պէտք է կանխարգելիչ միջոցներ կիրառւեն նրանց նկատմամբ, եւ պիտի կարողանանք հասնել նրան, որ միջազգային ասպարէզում այդ երեւոյթի դէմ պայքարողներն իրենց պարտականութիւնը լիարժէք կատարեն»,–ասաց Իրանի գլխաւոր դատախազը։
Ի լրացումն գործընկերոջ պատասխանի, ՀՀ գլխաւոր դատախազն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում աւելի յաճախ բացայայտւում եւ դատապարտւում են թմրամիջոց իրացնողները։ «Որեւէ քրեական գործ, եթէ խօսքը թմրամիջոցի մասին է, չի կասեցւում, մինչեւ չբացայայտւեն իրացման աղբիւրները։ Ցաւօք, վերջին տարիներին մի շարք դէպքեր ունենք, որ թմրամիջոցներ Հայաստան են ներմուծւում մեր հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի սահմաններով։ Ունենք գործեր, որ յայտնաբերել եւ դատի ենք տւել համապատասխան մարդկանց։ Նշեմ նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում լուրջ պայքար է մղւում թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ։ Պայքարը ոչ թէ թղթով ու գրչով է, այլ իրաւապահ մարմինները ստիպւած նաեւ զէնքը ձեռքին են պայքարում այդ բանդաների դէմ։ Մեր համագործակցութիւնը կնպաստի նրան, որ Հայաստանը նույնպէս վաղը, միւս օրը չի դառնայ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան տարանցիկ երկիր, որովհետեւ Հայաստանը երբէք չի եղել նման երկիր»,–ասաց Աղւան Հովսէփեանը։
Հարցին, թէ Իրանում, արդեօք, կա՞ն Հայաստանի քաղաքացիներ, որ պատիժ են կրում տեղի ազատազրկման վայրերում, Իրանի գլխաւոր դատախազը ժխտական պատասխան տւեց։ Իսկ Հայաստանի գլխաւոր դատախազը հաւաստիացրեց, որ մեր հարեւաններից Իրանի իրաւապահ ոլորտի հետ համագործակցութեան «եզրերն առաւել են, քան որեւէ այլ երկրի հետ»։
Ի պատասխան մէկ այլ հարցի՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին ասաց, որ հաշւի առնելով թմրամիջոցների տարածման եւ օգտագործման խիստ վտանգաւոր բնոյթը՝ ԻԻՀ–ն համարժէք պատիժներ է կիրառում։ Այսօր երկրում առկայ դատապարտեալների քառասունչորս տոկոսը դատապարտւած են թմրանիւթերի ապօրինի շրջանառութիւն իրականացնելու համար։ Իսկ երկրում այդ յանցանքի համար սահմանւած են մահապատիժ, ցմահ բանտարկութիւն, երկարաժամկէտ ազատազրկում եւ մեծ չափի դրամական տուգանքներ։